Հայոց մայրաքաղաքները

Իր պատմության ընթացքում Հայաստանը տասներկու մայրաքաղաք է ունեցել՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի և Երևան։

Վան

Ք. ա. 9-րդ դարի երկրորդ կեսին, ինչպես հայտնի է, Սարդուրի I արքան հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը: Քաղաքի հիմնադիր արքայի օրոք Վանի կենտրոնում վեր խոյացող լեռան լանջերին կառուցվում են բազմաթիվ զինանոցներ, պահեստներ, դիտակետեր, իսկ միջնաբերդի ստորոտում` հզոր պարիսպ։
Դրանից հետո էլ` Երվանդունիների օրոք, Վանը դարձյալ Հայաստանի մայրաքաղաքն էր։ Արքայանիստ քաղաքը որոշ ժամանակ կրում էր Երվանդավան անունը։ Քաղաքի բուռն զարգացումը շարունակվեց նաև Արտաշեսյանների ժամանակ։ Տիգրան Մեծն այստեղ բազմաթիվ արհեստավորների ու առևտրականների բնակեցրեց։ Քաղաքը ծաղկում էր նաև 10-11-րդ դարերում` Վասպուրականի Արծրունյաց թագավորության օրոք։
19-րդ դարում Վանը Արևմտյան Հայաստանի կարևոր կենտրոններից էր, այստեղ հատկապես զարգացած էին արհեստները։ Մեծ համբավ ունեին վանեցի ոսկերիչներն ու արծաթագործները։ Մեծ եղեռնի ժամանակ հայկական Վանը ոչնչացվեց։ Այժմ Վանը գավառական ոչ մեծ քաղաք է ներկայիս Թուրքիայի տարածքում։

Վանի բերդը

Արմավիր

Ներկայիս Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մոտ մի մեծ բլուր կա։ Բլրի գագաթին պարիսպների, պալատների, տաճարների և այլ շինությունների մնացորդներ կան։ Դրանք բոլորն ի հայտ են եկել պատմական Հայաստանի Արմավիր քաղաքի` մեր օրերում կատարված պեղումների հետևանքով։ Գրեթե երեք մետր բարձրությամբ հողագույն պատերն ու աղյուսաշեն սենյակները վկայում են, որ ժամանակին այստեղ ծաղկուն քաղաք է եղել։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումն ու անվան ծագումը կապում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսի անվան հետ։ Արմավիրը մշակութային ու կրոնական խոշոր կենտրոն էր։ Այստեղ բազմաթիվ մեհյաններ և հեթանոսական այլ սրբավայրեր կային։ Իսկ քաղաքի շրջակայքում Սոսյաց անտառն էր, որի ծառերի տերևների սոսափյունով քրմերը գուշակություններ էին անում։ Ք. ա. 3-րդ դարի վերջերին, երբ Հայաստանի նոր մայրաքաղաք դարձավ Երվանդաշատը, Արմավիրի դերը նվազեց։ Արմավիր մայրաքաղաքն այժմ չկա։ Բայց նրա անունով կան Արմավիր մարզկենտրոնը, Հայաստանի այլ բնակավայրեր և Արմավիր հայաշատ քաղաքը Հյուսիսային Կովկասում։

Պատմական Արմավիր քաղաք

Երվանդաշատ

Ք. ա. 220թ. գահ բարձրացավ Երվանդունյաց արքայատոհմի վերջին ներկայացուցիչը՝ Երվանդ Վերջինը։ Այնտեղ, ուր Արաքս և Ախուրյան գետերը միախառնվում են, Երվանդ Վերջինը կառուցում է նոր մայրաքաղաք` Երվանդաշատը։ Երվանդ արքան իր ունեցած գրեթե ողջ հարստությունը կուտակում է Երվանդաշատում, իսկ հեթանոսական աստվածների արձանները տեղափոխում դրանից հյուսիս` Ախուրյանի ափին կառուցած Բագարան քաղաք։ Մայրաքաղաքից ոչ հեռու նա կառուցել է տալիս նաև Երվանդակերտ դաստակերտը։
Ինձ համար քաղցր է պատմել նաև գեղեցիկ Երվանդակերտ դաստակերտի մասին, որ նույն Երվանդը շինեց գեղեցիկ և չքնաղ հորինվածքով։ Որովհետև մեծ հովտի միջին մասը լցնում է բնակչությամբ և պայծառ շինություններով, լուսավոր, ինչպես աչքի բիբը, իսկ բնակության շուրջը կազմում է ծաղկանոցներ և բուրաստաններ, ինչպես բբի շուրջը աչքի մյուս բոլորակը։ Իսկ այգիների բազմությունը նմանվում էր խիտ արտևանունքի գեղեցիկ գծին, որի հյուսիսային կողմի կամարաձև դիրքը իսկապես համեմատվում էր գեղեցիկ կույսերի հոնքերի հետ։ Իսկ հարավային կողմից հարթ դաշտերը հիշեցնում էին ծնոտների գեղեցիկ ողորկությունը։ Իսկ գետն իր երկու ափերի բարձրություններով պատկերանում էր մի բերան` իր երկու շրթունքներով։ Մովսես Խորենացի, «Հայոց պատմություն»

Արտաշատ

Արտաշատը, ինչպես և Արմավիրը, Հայաստանի Հանրապետության ներկայիս քաղաքներից է, մարզային կենտրոն։ Ի տարբերություն Արմավիրի, որը նույնանուն մարզի կենտրոնն է, Արտաշատը Արարատի մարզկենտրոնն է, և դա պատահական չէ։ Այդ քաղաքները, ինչպես և նրանց հնամենի անվանակիցները, Արարատի հավերժական հայացքի տակ են։ Հայոց սրբազան լեռան աչքի առաջ շատ քաղաքներ են ծնունդ առել. դրանցից են Վաղարշապատը, որն առ այսօր գոյություն ունի նույն անունով և նույն տեղում, Դվինը, որը շուրջ կես հազարամյակ Հայաստանի մայրաքաղաքն էր, և ներկայիս մայրաքաղաք Երևանը։ Արտաշատը հիմնադրել է Արտաշես I-ը Հին աշխարհի հռչակավոր զորավար Հաննիբալի խորհրդով։ «Հայկական Կարթագենը»1, ինչպես Արտաշատն անվանեցին ժամանակակիցները, միասնական հատակագիծ ունեցող մեծ ու գեղեցիկ քաղաք էր։ Տիգրանակերտ քաղաքի մասին մենք արդեն զրուցել ենք Տիգրան Մեծի մասին պատմող դասում:

————

Պատմական Արտաշատ քաղաք

1․Կարթագեն – Աֆրիկայի հյուսիսում եղած հնադարյան նշանավոր քաղաքպետություն, որը երեք անգամ պատերազմի մեջ է եղել հռոմեացիների հետ։ Կարթագենի ամենանշանավոր զորավարը Հաննիբալն էր։

Հարցեր և առաջադրանքներ

1. Թվարկե՛ք պատմական Հայաստանի մայրաքաղաքները։

Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան։

 2. Ե՞րբ և ո՞ւմ օրոք է Վանը դարձել մայրաքաղաք։ Ուրիշ ի՞նչ անուններով է հայտնի։

Սարդուրի Ա արքան հիմնադրեց Տուշպա (Տոսպ, Վան) մայրաքաղաքը։

3. Արմավիր անունով ժամանակակից ի՞նչ քաղաքներ գիտեք։

Արմավիրի մարզ, գյուղ արմավիր, նաև Ռուսասատանում Կռասնոդարի մարզում կա Արմավիր քաղաք։

4. Ո՞ւմ անունն են կրում Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտը։

Երևանդաշատ –  Երվանդունյաց արքայատոհմի վերջին ներկայացուցիչը՝ Երվանդ Վերջինի անունով։

Արտաշատ – Արտաշատը հիմնադրել է Արտաշես I-ը։

Տիգրանակերտը – Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *