Category Archives: Բնագիտություն

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մարդն իր կյանքի ընթացքում ստեղծում է տարբեր իրեր: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ անհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: 

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները զարդարող եղյամը մարմին է, որը կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:
Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում է այն անոթի ձևը, որի մեջ լցված է:
Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելի մասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:
Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Առաջադրանք՝

  1. Քանի նյութից կարելի է պատրաստել բաժակ:

Պինդ (փայտից, պղնձից) և հեղուկ (ապակուց) նյութերից։

  1. Առանձնացնել մարմինները և նյութերը՝ փայտ, աթոռ, սեղան, ոսկի, մատանի, գրիչ, պատուհան, պղինձ, պայուսակ, բաժակ:
ՄարմիններՆյութեր
ԱթոռՓայտ
ՍեղանՈսկի
ՄատանիՊղինձ
Պատուհան 
Պայուսակ 
Գրիչ 
Բաժակ 
  1. Տեսակավորիր հետևյալ նյութերը՝ պինդ, հեղուկ, գազային

Ալյումին, երկաթ, ոսկի, գոլորշի, ջուր, նավթ, թթվածին, արծաթ, փայտ, ապակի

ՊինդՀեղուկԳազային
ԱլյումինՋուրԳոլորշի
ԵրկաթՆավթԹթվածին
ՈսկիԱպակի 
Արծաթ  
Փայտ  


Հողը

Երկրի հարստությունները շատ են ու բազմապիսի: Դրանց շարքում ամենազարմանալին ու ամենաարժեքավորը հողն է: Դեռ վաղ ժամանակներում մարդը սկսել է մշակել հողը և իր կացարանի մոտ բույսեր է աճեցրել: Հողի մշակումը բերեց նաև գյուղատնտեսական գործիքների պատրաստմանը և կատարելագործմանը: Հողի մշակման շնորհիվ ծնվեց երկրաչափությունը, որի օգնությամբ մարդիկ սովորեցին հողակտորները բաժանել և ոռոգիչ ջրանցքներ անցկացնել: Հողն ամեն տարի մարդկությանը տալիս է միլիոնավոր տոննա ցորեն, որից ստանում են հաց: Ժողովրդի մեջ հողն անվանում են անսպառ գանձ, մարդու ամենամեծ հարստությունը: Բայց հարուստ բերք ստանալու համար հողը պետք է սնուցել հանքային և օրգանական պարարտանյութերով: Հողը հաճախ ենթարկվում է  քայքայման: Գարնանային հորդացումների և տեղատարափ անձրևների ջրերը դաշտերից քշում տանում են հազարավոր տոննա հողի բերրի շերտեր:
Հողի քայքայում է տեղի ունենում նաև այն ժամանակ, երբ ուժեղ քամին է քշում տանում հողի վերին շերտը, և բերրի հողերը վերածվում են անպտուղ տարածքների:

Բույսերն իրենց արմատներով հողը պահում են լվացումից ու քամուց:  Հողը քայքայումից պաշտպանելու համար անտառներ են տնկում: Մյուս կողմից՝ բույսերն անընդհատ հողից սնունդ վերցնելով՝ պակասեցնում  են նրա բերրիությունը: Որպեսզի հողի բերրիությունը պահպանվի, մարդիկ  այն պարարտացնում են:
Հողը կարիք ունի մարդկանց մշտական հոգատարության, ուշադրության ու ջերմության: Հողի գլխավոր հատկանիշը բերրիությունն է՝ բերք  տալու կարողությունը: Տարբեր վայրերում տարբեր հողատեսակներ կան: Տարբեր է նաև դրանց բերրիությունը:
Որքան շատ է հողում հումուսի քանակը, այնքան բերրի է հողը: Հումուսով հարուստ հողն ավելի մուգ գույն ունի: Այդպիսի հողն անվանում են սևահող: Որքան  հողի գույնը բաց է, այնքան նրա մեջ եղած հումուսը քիչ է, այսինքն՝ ավելի քիչ սննդարար է բույսերի համար:
Երկրի  վրա հողային տարածքներն այնքան էլ շատ չեն և գնալով ավելի են քչանում: Ուրեմն՝ պետք  է պահպանենք այդ հարստությունը:

Հարցեր
1Փորձենք պարզել, թե ինչի՞ց է կազմված հողը:

Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը: Հողային ծածկույթն առաջանում է երկարատև ժամանակի ընթացքում (100 տարում առաջանում է 1 սմ հաստության շերտ). դրա առաջացմանը մասնակցում են բնության բոլոր բաղադրատարրերը (կլիմա, ջրեր, ռելիեֆ, բուսական ու կենդանական աշխարհներ) և մարդը` իր տնտեսական գործունեությամբ: Հողն ունի բարդ կազմություն, որի գերակշռող տարրերը 2-ն են՝ քայքայված լեռնային ապարների մասնիկները (անօրգանական մաս) և հումուսը (օրգանական մաս):Հողը բնության ամենագլխավոր պաշարներից է, գյուղատնտեսության գլխավոր արտադրամիջոցը: Դեռևս անհիշելի ժամանակներից մարդն օգտագործել է հողը և աստիճանաբար ճանաչել նրա առաջացման ու զարգացման օրինաչափությունները: Հողն օժտված է ֆիզիկաքիմիական որոշակի հատկություններով, մասնավորապես՝ բերրիությամբ, որը կախված է հումուսի քանակից: Որքան հողը հարուստ է հումուսով, այնքան բարձր է նրա բերքատվությունը:



Մաքուր պահենք մեր օդը

Մարդուն և կենդանի մյուս օրգանիզմներին շնչառության համար անհրաժեշտ է մաքուր օդ: Բայց շատ տեղերում, հատկապես մեծ քաղաք­ներում, այն աղտոտված է: Քաղաքներում աշխատող շատ գործարան­ներից օդ են թափանցում թունավոր գազեր, փոշի: Ավտոմեքենաներից նույնպես անջատվում են վնասակար շատ գազեր: Այդ բոլորը վտանգա­վոր են բույսերի, կենդանիների և մարդու համար: Վնասակար նյութեր արտանետող գործարանների շրջակայքում բույսերը կամ շատ վատ են աճում, կամ բոլորովին չեն աճում, կենդանիները ոչնչանում են, իսկ մար­դիկ հիվանդանում են մաշկի, աչքերի, թոքերի տարբեր հիվանդություն­ներով:

Օդի աղտոտումը սպառնում է մարդկանց առողջությանը և Երկրի ամբողջ օրգանական աշխարհին: Ահա թե որքան կարևոր է օդը մա­քուր պահելը: Դրա համար գործարանների, ֆաբրիկաների ծխնելույզ­ների վրա տեղադրում են օդամաքրիչ, փոշեկլանիչ սարքեր, որոնք զտում են վնասակար արտանետումները:
Օդը մաքրելու գործում կարևոր նշանակություն ունեն բույսերը: Տերևների միջոցով նրանք կլանում են օդում եղած փոշին և վնասակար գազերը: Բույսերը կատարում են մեկ ուրիշ կարևոր «աշխատանք» ևս: Նրանք օդից վերցնում են ածխաթթու գազը՝ իրենց անհրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ընթացքում «արտադրում» են թթվածին, որը, ինչպես գիտեք, խիստ անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների շնչառության համար: Ահա թե ինչու շնչելը հեշտ է այնտեղ, որտեղ շատ են բույսերը: Դրա համար էլ կանաչ տարածքները պետք է ընդարձակել, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է նպաստի իր շրջապատի կանաչ տարածքների մեծացմանը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար:

Որովհետև առանց օդի կենդանիները չեն կարող ապրել։

  1. Ինչո՞ւ է անհրաժեշտ օդը մաքուր պահել:

Որ օդը մաքուր չպահենք կենդանիները կսատկեն, մարդիկ կհիվանդանան
հիվանդություններով ՝ մաշկի, աչքերի, թոքերի տարբեր հիվանդություն­ներով բույսերը նույնպես չեն աճում։

  1. Օդի մաքրության գործում ի՞նչ դեր են խաղում բույսերը:

Բույսերը նպաստում են օդի մաքրմանը։ Տերևների միջոցով կլանում են օդում եղած փոշին և վնասակար գազեր։ Վերցնում են նաև ածխաթթու գազը և արտադրում են թթվածին:

  1. Ճի՞շտ է վարվում վարորդը, որը կայանման ժամանակ միացած է թողնում շարժիչը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:

    Վարորդը սխալ է անում որովհետև ավելորդ վառելիք է վառվում և թունավոր նյութերը տարածվում են օդի մեջ։

Գործարաններից, ֆաբրիկաներից, աշխատող ավտոմե­քենաներից օդ են թափանցում վնասակար նյութեր: Դրանք վտանգավոր են բոլոր կենդանի օրգանիզմների՝  բույսերի, կենդանիների և մարդու համար: Կանաչ տարածքները և գործարանների ծխնելույզներին տեղադրված օդամաքրիչ սարքերը կլանում են օդ թափանցող վնասակար նյութերը: Բույսերը օդից վերցնում են ածխաթթու գազը,  իրենց ան­հրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ըն­թացքում «արտադրում» են թթվածին: Օդը մաքուր պահելու գործին կարող եմ մասնակցել նաև ես:



Ապարներ և օգտակար հանածոներ

քար

Երկրագնդի արտաքին պինդ շերտը, որի վրա մենք ապրում ենք, կազմված է զանազան նյութերից՝ ավազից, կավից, խճից, քարից և այլն: Այդ բոլորը ապարներ են: Կավիճը, որով մենք գրում ենք կամ նկարում, նույնպես ապար է: Ապարներ են նաև մեզ ծանոթ բազալտը և տուֆը, որոնք օգտագործում են տարբեր շենքեր կառուցելու համար: Երկրի ընդերքում թաքնված են բազմատեսակ  ապարներ ու հանքային նյութեր, որ մարդիկ  օգտագործում են տարբեր կարիքների համար: Ապարների այն տեսակները, որոնք մարդն օգտագործում է զանա­զան նպատակներով, կոչվում են օգտակար հանածոներ: Օգտա­կար հանածոները լինում են մետաղային, վառելիքային, շինարարա­կան:

Մետաղային օգտակար հանածոները ձուլում  են և ստանում են տարբեր մետաղներ: Այդ հանածոներից է երկաթի հանքաքարը: Դրանից ձուլում են թուջ (չուգուն) և պողպատ, որոնցից էլ պատրաստում են խողովակ, ավտոմեքենա, տրակտոր, նավ, հաստոց և այլն:
Մետաղներ են նաև պղինձը, ալյումինը, ոսկին, արծաթը, որոնք տարբեր գույնի են:
Ոսկին և արծաթը թանկարժեք մետաղներ են:
Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները:  Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները:
Շինանյութերը մարդու կողմից շինարարության մեջ օգտագործվող ապարներն են: Դրանցից են տուֆը, բազալտը, գրանիտը, մարմարը, ավազը, խիճը:
Տուֆը 
թեթև և շատ դիմացկուն շինանյութ է: Այն լինում է տարբեր գույնի: Տուֆից կառուցվում են բնակելի շենքեր: Տուֆը Հայաստանում ամենաշատ օգտագործվող շինաքարն է:Պետք է միշտ հիշել, որ օգտակար հանածոների պաշարները բնության մեջ անսպառ չեն, և անհրաժեշտ է խնայողաբար օգտագործել դրանք:
Հայաստանում հանդիպող օգտակար հանածոներից են պղինձը, ոսկին, երկաթը, քարաղը, տուֆը, բազալտը, մարմարը, փիրուզը, օբսիդիանը և այլն:

Առաջադրանք
Խմբավորի՛ր  օգտակար հանածոները.
պղինձ, կավ, մարմար, ոսկի, նավթ, ավազ, ալմաստ, կրաքար, զմրուխտ, քարածուխ, արծաթ, տուֆ,  բնական գազ, փիրուզ, երկաթ, բազալտ, այլումին, օպալ

Շինանյութ – կավ, մարմար, ավազ, կրաքար, տուֆ, բազալտ  

Վառելիք – նավթ, քարածուխ, բնական գազ

Մետաղ – պղինձ, ոսկի, արծաթ, երկաթ, ալյումին

Թանկարժեք քար – ալմաստ, զմրուխտ, փիրուզ, օպալ      



Խնայե՛նք բնական պաշարները

Բնության մեջ եղած այն ամենն, ինչ մարդիկ օգտագործում են իրենց կարիքների  համար, համարվում են բնական պաշարներ:  Օրինակ՝ կաուչուկի  ծառը գոյություն  է ունեցել  անհիշելի ժամանակներից,  բայց այն պահից, երբ մարդիկ սովորեցին դրա հյութից ռետին ստանալ անվադողեր և շատ այլ իրեր պատրաստելու համար, այդ զարմանահրաշ ծառը բնական պաշար համարվեց:
Երկրի  բնական պաշարները բազմազան են: Դրանցից ամենակարևորներն են հողը, օդը, ջուրը, արևի ջերմությունն ու լույսը: Բնական պաշարներ են ապարները, մետաղները, հանածո վառելիքը: Բնական պաշար են նաև բույսերն  ու կենդանիները, որոնք մարդն օգտագործում է որպես սնունդ կամ արտադրության համար  հումք, ասենք՝ բամբակից, վուշից ու բրդից թել են ստանում, կաշվից կոշիկ են կարում և այլն: Բույսերը ու կենդանիները համարվում են վերականգնվող պաշարներ:

Կարո՞ղ եք բացատրել՝ ինչու:

   Բայց բնության բարիքների մի մասն էլ չվերականգնվող է: Դրանց պաշարներն անսահման չեն և կարող են սպառվել:
Բնության բարիքները խնայելու միջոց է երկրորդային օգտագործումը: Օրինակ՝ օգտագործված թուղթը, թիթեղյա տուփերը, պլաստմասսայե իրերը,  ապակին կարելի է վերամշակել և կրկին օգտագործել:


1. Բնության բարիքները գրե՛ք երկու սյունակով. վերականգնվող և  չվերականգնվող.

պղինձ, ձուկ, նավթ, հացահատիկ, կաուչուկ, կավիճ, բամբակ, աղ, կաթ, մարմար, ձու, քարածուխ, ձեթ, բուրդ, երկաթ, միս, բանջարեղեն, տուֆ, արծաթ, մրգեր, փայտ:

Վերականգնվող պաշարներ                                   Չվերականգնվող  պաշարներ

ՁուկՊղինձ
ՀացահատիկՆավթ
ԿաուչուկԿավիճ
ԲամբակԱղ
ԿաթՄարմար
ՁուՔարածուխ
ՁեթԵրկաթ
Բուրդ Տուփ
ՄիսԱրծաթ
Բանջարեղեն 
Մրգեր 
Փայտ 


Հարթավայրեր, բլուրներ, լեռներ

Մայրցամաքների մակերևույթը ամենուրեք նույն ձևը չունի: Այնտեղ եղած հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր: Հարթավայրերը լինում են տարբեր մեծության: Աշխարհում ամենաընդարձակը Ամազոնի հարթավայրն է, որը գտնվում է Հարավային Ամերիկա մայրցամաքում:

Հարթավայրերում գետերը շատ դանդաղ են հոսում, գրեթե աննկատ, որովհետև նրանց թեքությունը փոքր է:
Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ: Բլուրն ունի ստորոտ, լանջ և գագաթ: Լեռները նման են բլուրներին, բայց շատ ավելի բարձր են: Բարձր լեռների գագաթներն երբեմն գտնվում են ամպերից էլ վեր և հաճախ ծածկված են հավերժական ձյունով ու սառույցով:
Աշխարհի ամենաբարձր լեռը Ջոմոլունգման է, որը հայտնի է նաև Էվերեստ անունով: Այն գտնվում է Եվրասիա մայրցամաքում, և նրա գագաթը ծովի մակարդակից բարձր է 8898 մետրով:
Լեռները, ինչպես և բլուրները, ունեն ստորոտ, լանջ և գագաթ: Հարթավայրեր և լեռներ կան նաև օվկիանոսի հատակին: Դրանք նույնպես ունեն տարբեր մեծություն և բարձրություն, սակայն, ծածկված լինելով օվկիանոսի ջրերով, չեն երևում:
Դեռ վաղ ժամանակներից մարդիկ բնակվում են ինչպես հարթավայրերում, այնպես էլ լեռնային շրջաններում:
Հարթավայրերը բնակության համար ամենահարմար տարածքներն են: Դրա համար էլ Երկրագնդի բնակչության մեծ մասն ապրում է հարթավայրերում: Այստեղ ավելի հեշտ է մշակել հողը, աճեցնել այգիներ, կառուցել քաղաքներ, գյուղեր և ճանապարհներ:
Չնայած դժվարություններին՝ լեռներում նույնպես կառուցում են գյուղեր և քաղաքներ, երկաթուղիներ ու ասֆալտապատ խճուղիներ: Լեռնային արագահոս գետերի վրա կառուցում են ջրային էլեկտրակայաններ: Լեռնային երկրներում մարդկանց ապրելու և աշխատելու ամենահարմար վայրերը լեռների միջև գտնվող ցածր ու հարթ տարածքներն են՝ լեռնահովիտները: Այստեղ նույնպես մշակում են տարբեր բույսեր: Իսկ լեռներում ավելի շատ զբաղվում են անասնապահությամբ, որովհետև այնտեղ շատ արոտավայրեր կան:
Գեղեցիկ է լեռների բնությունը, մաքուր ու բուժիչ է նրա օդը: Դրա համար էլ լեռների գրկում կառուցում են հանգստյան տներ և առողջարաններ: Մարդիկ սիրում են իրենց հանգիստն անցկացնել լեռնային վայրերում, զբաղվել լեռնագնացությամբ, իսկ ձմռանը՝ լեռնադահուկային մարզաձևով:
Անչափ գեղեցիկ է նաև Հայաստանի լեռների բնությունը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ է հարթավայրը:

  Հարթ և ընդարձակ տարածություններն անվանում են հարթավայրեր:

2. Ի՞նչ է բլուրը:

Հարթավայրերում տեղ-տեղ հանդիպում են բարձրացած տեղամասեր, որոնք կոչվում են բլուրներ: 

3. Ի՞նչ է լեռը և ինչո՞վ է տարբերվում բլրից:

Երկրի բնական բարձրությունը կոչվում է լեռ։

4. Ի՞նչ մասեր ունեն բլուրը և լեռը:

Ստորոտ լանջ և գագաթ

5. Ինչո՞վ են զբաղվում մարդիկ հարթավայրերում և լեռներում:

Հարթավայրերում և լեռներում մարդիկ զբաղվում են անասնապահությամբ հողագորտությամբ և հանգստյան գոտիներում հանգստանալով։



Սալորաչրի մասին

Սալորաչիրը սև սալորի չորացված ձևն է և ունի շատ լավ համային և օգտակար հատկություններ: Չորացնելու համար ամենալավ սորտերը համարվում են հունգարա-իտալաական սորտերը, քանի որ դրանք պարունակում են շաքարի մեծ քանակություն և ունեն բավականին մսալի պտուղ: Հենց այս հատկություններն են թույլ տալիս չորացնել պտուղները առանց որևիցե ֆերմենտների և ստանալ ընտիր սալորաչիր:

Սալորաչիրը հանդիսանում է բարձր կալորիականությամբ մթերք ածխաջրերի և շաքարի բարձր պարունակությամբ: 100 գրամ սալորաչիրը պարունակում է 231 կկալ: 100 գրամ չորացված (ամբողջությամբ ջրազրկված) սալորաչիրը պարունակում է 339 կկալ: Իսկ 100 գրամ շոգեխաշած սալորաչիրը պարունակում է 113 կկալ: Համեմատաբար քիչ պալորիականություն է պարունակում պահածոյացված սալորաչիրը 103 կկալ 100 գրամում:



Ավստրալիայի հայտնագործումը

Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: Այդ անհայտ ցամաքը փնտրել են շատ ծովագնացներ, որի արդյունքում հայտնաբերվել են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների անհայտ շրջաններ, մեծ ու փոքր բազմաթիվ կղզիներ: Ուշագրավ էր՝  հատկապես Աբել Թասմանի գլխավորած արշավախմբի հետազոտությունները: Թասմանը 1642 թվականին  մոտենում է Ավստրալիայի հյուսիսային ափերին, հետո արևելյան ու հարավային ափերին:  Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի  ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան էլ մեծ չէ: Սակայն հո­լանդացիները  այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝  անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապար­հորդությունների արդյունքում: Կուկը երկրագնդի խոշոր ուսումնա­սիրողներից է և իրականացրել է երեք շուրջերկրյա ճանապարհոր­դություններ:

Կուկը 1769-1771 թվա­կաններին նա իրականացնում է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Դուրս գալով Անգլիայից՝ Կուկը կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը, շրջանցում Հարա­վային Ամերիկան և ուղղվում դեպի Խաղաղ օվկիանոսի ջրերում գտնվող Ընկերության կղզիներ: Այստեղից դուրս գալով՝ Կուկը ուղևորվում է դեպի հարավ, հասնում Նոր Զելանդիա կղզիներ: Նոր Զելանդիայից Կուկը նախ՝ ուղևորվում է արևմուտք, ապա՝ Ավստրալիայի ափերը հասնելուց հետո, թեքվում է դեպի հյուսիս և դրանց երկայնքով շարունակում նավարկությունը մինչև մայրցամաքի հյու­սիսային ծայրակետը: Նա Ավստրալիայի արևելյան ափերը հայ­տարարում է Անգլիայի տիրապետության տակ գտնվող շրջաններ և դրանք մի ընդհանուր անունով կոչում «Նոր Հարավային Ուելս»: Դրանից հետո Կուկը վերադառնում է Անգլիա:
Ջ. Կուկի վաստակը մարդկության առջև բարձր է գնահատվել, և նրա անունով են կոչվում ավելի քան 20 աշխարհագրական օբյեկտ՝ լեռ, կղզիներ, նեղուց:

Հետագայում, երբ ուսումնասիրվեցին Ավստրալիայի բուսական և կենդանական աշխարհը, բնական հարստությունները, հայտնի դարձան յուրօրինակ պարկավոր կենդանիները՝ կենգուրուն, կոալան (պար­կավոր արջ), աշխարհի խոշոր ծառատեսակներից էվկալիպտը և այլն: Անգլիացիներն այստեղ բերեցին դինգո շանը, ճագարներին, որոնք նպաստավոր բնական պայմանների շնորհիվ վայրենացան և այնքան բազմացան, որ այժմ լուրջ վնասներ են հասցնում ոչ միայն մշակաբույսերի ցանքսերին, այլև վայրի բնությանը: Այժմ Ավստրալիա մայրցամաքում գտնվում է բավականին զարգացած մի պետություն՝ Ավստրալական Միությունը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզ­ված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք:

Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասա­րակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: 

  1. Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնագործել Ավստրալիան:

Կուկը 1769-1771 թվա­կաններին նա իրականացնում է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Դուրս գալով Անգլիայից՝ Կուկը կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը, շրջանցում Հարա­վային Ամերիկան և ուղղվում դեպի Խաղաղ օվկիանոսի ջրերում գտնվող Ընկերության կղզիներ: 

  1. Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաք­ներից:

Ավստրալիա մայրցամաքը մնացած մայրցամաքներից տարբերվում է իր փոքրությամ, նաև բուսական և կենդանական աշխարհով։ Ավստրալիայում հանդիպում են պարկավոր կենգուրուները, կոալա արջը, և դինգո շունը, որը այստեղ են բերել Անգլացիները։

Ավստրալիան հայտնագործվել է երկու անգամ, առաջինը՝ հոլանդացի Աբել Թասմանի, իսկ երկրորդը՝ Անգլիացի Ջեյմս Կուկի կողմից: Ավստրալիան հայտնագործվել է հարավային ցամաքի որոնման արդյունքում: Այս մայրցամաքում են ապրում կենգուրուն, պարկավոր արջը, այստեղ է աճում երկրագնդի հսկա ծառերից էվկալիպտը:



Ամերիկայի հայտնագործումը. մաս 1

Ինչպես գիտենք, միջին դարերում Հնդկաստանը և Չինաստանը հա­րուստ երկրների համբավ ունեին: Վաճառականներն այնտեղից բերում էին թանկարժեք ապրանքներ՝ մարգարիտ, սուրճ, թեյ, համեմունք, մետաքս, ոսկի, արծաթ: Նրանք այդ երանելի երկրներ էին հասնում կիզիչ անապատներով, բարձրաբերձ լեռներով ու խորը կիրճերով անցնող, վտանգներով լի ճանապարհներով: Մյուս կողմից էլ ավազակներն ու ծովահենները փակել էին դեպի Հնդկաստան և Չինաստան տանող քարավանային ճանապարհները, և անխնա կողոպտում էին վաճա­ռականներին կամ էլ նրանցից պահանջում էին բարձր մաքսեր: Դրա համար էլ շատերի ցանկությունն էր գտնել դեպի Հնդկաստան և Չինաստան տանող կարճ ու ապահով ճանապարհներ: Այդ շատերից մեկն էր նաև Քրիստափոր Կոլումբոսը:

Արևելքի երկրների ճո­խությունների մասին նա կարդացել էր Մարկո Պոլոյի գրքից: Կոլումբոսը ընդունում էր Երկրի գնդաձևությունը: Նա ուսումնասիրել էր ժամանակի աշխարհի նոր քարտեզները, որտեղ Եվրոպայից արևմուտք պատկերված էին Ասիայի արևելյան ափերը:
Նա իր այդ ծրագիրը ներկայացնում է Պորտուգալիայի թագավորին: Սակայն մերժում ստանալով՝ թողնում է այդ երկիրը և տեղափոխվում Իսպանիա: Այստեղ երկար ժամանակ բանակցում է Իզաբելա թագուհու հետ: Թագուհին համաձայնում է աջակցել Կոլումբոսին՝ իրականացնելու իր համարձակ ծրագիրը: Եվ ահա, 1492 թվականի օգոստոսի 3-ին Կոլումբոսի երեք նավից բաղկացած նավախումբը 90 հոգանոց անձնակազմով դուրս է գալիս իսպանական Պալոս նավահանգստից և ուղղություն վերցնում դեպի արևմուտք:
Որոշ ժամանակ անց նավա­խմբում խռովություն է բարձրանում: Խռովարարները Կոլումբոսից պահանջում են անհապաղ Իսպանիա վերադառնալ: Կոլումբոսին դժվարությամբ հաջողվում է խաղաղեցնել անձնակազմին և շարունակել ճանապարհը: Հոկտեմբերի 12-ին՝ գիշեր­վա 2-ին, առջևից ընթացող նավից լսվում են «ցամաք, ցամա՜ք» բա­ցականչությունները: Առավոտյան ճանապարհորդների առջև գծագրվում են գեղեցիկ կղզու՝ փարթամ բուսականությամբ ծածկված ափերը: Կոլումբոսը կղզին անվանում է «Սան Սալվադոր», այսինքն՝ «Սուրբ Փրկիչ»: Կոլումբոսի և նրա մարդկանց ուրախությունն անսահման մեծ  էր: Կոլումբոսին թվում էր, թե իրոք իրականացել էր իր մտահղացումը:



Ամերիկայի հայտնագործումը. մաս 2

Թագավորական թարգմանիչը կղզու բնակիչներին հարցեր է տալիս լատիներեն, հունարեն, անգամ հայերեն, բայց՝ անօգուտ: Նրան չեն հասկանում: Իսպանացիներին զարմացնում էր բնիկների ոսկյա զարդերի առատու­թյունը, որը նրանք հեշտությամբ փոխանակում էին շատ հասարակ իրերի հետ: Այդ կղզին իսպանական տիրապե­տություն հայտարարելուց հետո, Կոլումբոսը շարունակում է նավարկել դեպի արևմուտք և հայտնագործում է Կուբա կղզին:
Կոլումբոսը կարծում էր, թե ինքը հասել է Չինաստանի արևելյան ափերը, Հնդկաստան, սակայն նա այստեղ չտե­սավ ոչ հարուստ քաղաքներ, ոչ թանկ­արժեք քարեր ու ոսկի և ոչ էլ համե­մունք: Փոխարենը նրանք առաջին ան­գամ ծանոթանում են ծխախոտի գործա­ծությանը, կարտոֆիլի, լոլիկի, սեխի, եգիպտացորենի և եվրոպացիներին մինչ այդ անծանոթ շատ այլ մշակա­բույսերի, որոնք հետագայում տարած­վեցին բոլոր մայրցամաքներում:

Երկար փորձություններից ու մեծ արկածներից հետո 1493 թվականի հու­նիսի 16-ին Կոլումբոսը վերադառնում է Իսպանիա: Իսպանիայում նա ընդունվեց մեծ շուքով ու ցնծությամբ և թագավորական հրովարտակով մեծարվեց որպես ծովակալ և հայտ­նագործված երկրների փոխարքա: Նրա հաղթանակը լիակատար էր: Դրանից հետո Կոլումբոսը 1493-1504 թվականների ընթացքում ևս երեք անգամ ուղևորվեց դեպի արևմուտք, հայտնաբերեց նորանոր կղզիներ ու երկրներ, սակայն մինչև իր կյանքի վերջն էլ նա համոզված էր, որ հասել է Ասիայի արևելյան ափերին՝ Հնդկաստան: Նույնիսկ տեղաբնիկներին սխալմամբ հնդկացիներ անվանեց:
Կոլումբոսի մահից հետո մարդիկ իմացան, որ նրա հայտնաբերածը ոչ թե Ասիան է, այլ Նոր աշխարհ: Կոլումբոսի մեծագույն սխալը աշխար­հագրական մեծագույն հայտնագործության պատճառ էր դարձել:
Իսկ ինչո՞ւ Նոր աշխարհը Կոլումբիա կոչվելու փոխարեն անարդա­րացիորեն Ամերիկա կոչվեց: Նոր աշխարհամասը Ամերիկա անվանվեց ի պատիվ մեկ այլ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի, որն առաջինը այն կարծիքը հայտնեց, որ Կոլումբոսը հայտնագործել է ոչ թե Ասիա տանող նոր ծովային ուղին, այլ Նոր աշխարհ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ էին եվրոպացիները ձգտում Հնդկաստան և Չինաստան հասնել ծովային ուղով:

Եվրոպացիների կարծիքով Հնդկաստան և Չինաստան ավելի կարճ կլիներ երբ, որ գնային ծովային ճանապարհով։

  1. Ինչպե՞ս էր ծրագրել Կոլումբոսը հասնել Հնդկաստան:

Նա իր այդ ծրագիրը ներկայացնում է Պորտուգալիայի թագավորին: Սակայն մերժում ստանալով՝ թողնում է այդ երկիրը և տեղափոխվում Իսպանիա: Այստեղ երկար ժամանակ բանակցում է Իզաբելա թագուհու հետ: Թագուհին համաձայնում է աջակցել Կոլումբոսին՝ իրականացնելու իր համարձակ ծրագիրը: Եվ ահա, 1492 թվականի օգոստոսի 3-ին Կոլումբոսի երեք նավից բաղկացած նավախումբը 90 հոգանոց անձնակազմով դուրս է գալիս իսպանական Պալոս նավահանգստից և ուղղություն վերցնում դեպի արևմուտք:

  1. Ի՞նչ նշանակություն ունեցան Կոլումբոսի ճանա­պարհորդությունները մարդկության համար:

Կոլումբոսի մահից հետո մարդիկ իմացան, որ նրա հայտնաբերածը ոչ թե Ասիան է, այլ Նոր աշխարհ: Կոլումբոսի մեծագույն սխալը աշխար­հագրական մեծագույն հայտնագործության պատճառ էր դարձել: Հետագայում այդ հայտնագործած նո աշխարհը պարզվեց Ամերիկան է։

  1. Աշխարհի քարտեզով գտիր, թե աշխարհագրական ի՞նչ անուններ կան ի պատիվ Կոլումբոսի:

Կոլումբիա

  1. Ինչո՞ւ Նոր աշխարհը Ամերիկա կոչվեց:

Ամերիգո Վեսպուչիի անունով։ Ամերիկա աշխարհամասը 1492 թվականին հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը: Իսկ Ամերիկա այն կոչվել է ի  պատիվ մեկ ուրիշ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի:



Next page →
← Previous page